Մեդալների հանձնման արարողությանը կար մի ծնող, որի պատմությունը շատերը չգիտեն. պատերազմը խլել է նրա երկու որդիներին

Արմինե Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին։ Տղաներից բացի Թևոսյանների ընտանիքն այլ զավակներ չունի։ Վահե (1999) և Դավիթ (2001) Թևոսյան եղբայրները Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղից են, մեկ տարվա տարբերությամբ էին զորակոչվել, ծառայում էին նույն զորամասի նույն վաշտում՝ ավագ եղբայրը՝ դիպուկահար, կրտսերը՝ գնդացրորդ։ Երբ վաշտը վերջին մարտական գործողությանն էր պատրաստվում, հրամանատարը հորդորում էր Դավիթին մնալ, բայց համոզել չի ստացվում․․․

Վահեն ու Դավիթը զոհվում են նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, ՊԲ 3-րդ ՊՇ-ի հերոսական 7-րդ հրաձգային վաշտի ողջ անձնակազմի հետ միասին։
…Դահլիճում հավաքված հերոսների ծնողների համար Արթուր Թևոսյանի պատմությունը միակ բանն է, որ ստիպում է սթափվել՝ ցավը, մրմուռն ու կարոտը, որ հավերժ բնակվեցին իրենց սրտերում, նաև կրկնակի է լինում․․․

2021 թվականի հուլիսի 28-ին Վահե և Դավիթ որդիների հետմահու «Մարտական խաչ» շքանշանները ստացել է հայրը։ Նա միակն էր այդ օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․․․
Օրհներգի հնչյունների տակ բոլորը լուռ կանգնած են, և միայն վերջին քառատողի խոսքերի հետ դահլիճի տարբեր անկյուններից լսվում են վշտալլուկ մայրերի հեկեկոցները․․․

hayeli.am