«Սամվել Ալեքսանյանը մեր ընգերն ա, Արթուր Վանեցյանը մեր ընգերն ա, Հրաչին ճանաչում եմ, բայց հոգևորական չի ․․․» Ապարանի քաղաքապետի թիմի ավագանու թեկնածուները տեղյակ չեն, որ «Քրիստոնեա Հայաստան»-ով են առաջադրվել

Երեկ մենք անդրադարձել էինք Ապարանում սպասվող ՏԻՄ ընտրություններին, գրել էինք, թե ովքեր են իրականում սատարում Ապարանի գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանին, որը որոշել է ընտրություններին առաջադրվել «Եղիազարյան» դաշինքով։

Գրել էինք, որ «Եղիազարյան» դաշինքում երկու կուսակցություն է, որոնցից մեկը՝ մի քանի ամսվա, և կոչվում է «Քրիստոնեա Հայաստան»։ Կուսակցության հիմնադիրները Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ են։ Կուսակցության նախագահը Հրաչյա դպիր Ներսիսյանն է։ Նրանց շարքերում է նաև Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, որը հաճախ է հանդես գալիս հակաիշխանական կոչերով, հայտարարություններով, ծնունդով Ապարանից է, բարեկամական կապեր ունի և Կարեն Եղիազարյանի, և վեհափառի հետ։

Մենք գրել էինք, որ իրականում Եղիազարյանը ընդամենը թաքնվում է այդ դաշինքի հետևում՝ ցույց չտալու համար, որ իրականում իրեն աջակցում են Արթուր Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ»-ով, Քոչարյանը, անգամ գործարար Սամվել Ալեքսանյանը։ Գրել էինք, որ անգամ դաշինքի ավագանու ցուցակից է պարզ դառնում այդ փաստը։ Նրանց մի մասը ՀՅԴ-ական են, Քոչարյանի աջակիցներ, մի մասն էլ՝ համայնքապետարանի աշխատակիցներ, ովքեր առաջադրվել են «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության ցուցակով և անգամ տեղյակ չեն դրանից։

Օրինակ՝ ավագանու անդամ առաջադրված Արծրուն Շահբազյանը մեզ հետ զրույցում զարմացավ, երբ հարցրինք «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունից: «Ինչ «Քրիստոնյա Հայաստան», ես կուսակցական չեմ։ Ես «Եղիազարյան» դաշինքով եմ առաջադրվել։ Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ»,- ասաց Շահբազյանը։

Մեր հարցին՝ տեղյակ չէ՞, որ այդ կուսակցության ցուցակով է  առաջադրվել, վերջինս պատասխանեց. «Չէ, տեղյակ չեմ, ինձ կտեղեկացնեն երևի, չեմ լսել, չգիտեմ՝ ինչ կուսակցության մասին է խոսքը։ Կհետաքրքրվեմ, կճշտեմ՝ ինչի մասին է խոսքը»։
Իսկ տարօրինակ չե՞ք համարում այն փաստը, որ Կարեն Եղիազարյանը, դուք ընտրություններին մասնակցում եք մի դաշինքով, որի անդամ կուսակցության մասին ոչ  մի բան հայտնի չէ՝ հարցրինք ավագանու թեկնածուից։ «Իմ համար ոչ մի բան տարօրինակ չէ»,- ասաց Շահբազյանը՝ հայտարարելով, որ շատ զբաղված է և չի կարող պատասխանել մեր հարցերին։
Ավագանու մի քանի անդամ ևս տեղյակ չէին, որ իրենք առաջադրվել են ինչ-որ նորաստեղծ և անհայտ կուսակցության ցուցակով։
Պարզվում է՝ ինքը՝ Կարեն Եղիազարյանը, ևս առանձնապես տեղյակ չէ կուսակցության մասին։ Մեզ հետ զրույցում ասաց, որ որոշել է «լրիվ անհայտ» կուսակցությունով հանդես գալ, որ իրեն ոչ մի քաղաքական գործչի և ուժի հետ չկապեն։
Ներկայացնում ենք Կարեն Եղիազարյանի հետ մեր զրույցը։

— Պարոն Եղիազարյան, ինչո՞ւ եք որոշել «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունով հանդես գալ։

— Որ ինձ ոչ մեկի հետ չկապեն։ Մաքուր կուսակցություն ա, ես էլ քաղաքական գործիչ չեմ։ Դրա համար։ Հիմա ամեն ինչ կապում են մեկը մյուսի հետ։ Զուտ դրա համար։

— Այսինքն՝ զուտ ձևական բնույթ է կրում այդ կուսակցության հետ դաշինք կազմելը։

— Ձևական բնույթ չի կրում, ուղղակի որ հիմա դա անհրաժեշտ բան ա, որ պետք ա կուսակցությունով, դաշինքով առաջադրվես, ես էլ չեմ ուզում, որ ինձ տանեն, կապեն ինչ-որ մեկի հետ, ասեն՝ սրա հետ ունի, նրա հետ ունի։ Դրա համար էլ իրանց եմ ընտրել, որ ոչ մեկի հետ կապ չունենան։

— Հավատացյալներից, քահանաներից կազմված կուսակցությունը լավագույն տարբերակն եք համարել փաստորեն։

— Ինչ քահանա, այ ցավդ տանեմ։ Ես տեղյակ չեմ։ Եկեղեցականը ի՞նչ գործ ունի կուսակցության մեջ։

— Կուսակցության հիմնադիրը Հրաչյա դպիր Ներսիսյանն է, նրանց շարքերում է նաև Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տեր Ղազար քահանա Պետրոսյանը։ Չե՞ք ճանաչում նրանց։

— Հրաչին ճանաչում եմ, բայց հոգևորական չի։

— Պարոն Եղիազարյան, անկախ այդ փաստից՝ ակնհայտ է, որ ձեզ Վանեցյանն է սատարում, Քոչարյանից  աջակցություն եք ստանում։ Կարծես թե հնարավոր չէ թաքցնել այդ փաստը։

— Ես ոչ մի քաղաքական գործչի հետ կապ չունեմ։ Ասել եմ, ասում եմ և շարունակելու եմ ասել։

— Սամվել Ալեքսանյանը ձեզ չի՞ սատարում, Վանեցյանը ձեզ չի՞ սատարում։

— Սամվել Ալեքսանյանը մեր ընգերն ա, մեր աբարանցին ա, Արթուր Վանեցյանը մեր ընգերն ա, մեր աբարանցին ա, բայց էս ընտրության հետ ոչ մեկը կապ չունի։ Եթե նրանցից որևէ մեկը կապ ունենա, ես հրաժարական կտամ։ Ինձ իմ ժողովուրդն ա սատարում։

Արթուր Վանեցյան. Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ

— Իսկ ինչո՞ւ եք համայնքի, սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները, ասֆալտապատումը, հիմնանորոգումները վերագրում ձեզ, ձեր անձնական միջոցներին։ 

— Տո չէ, այ ցավդ տանեմ, ով ա ասում՝ վերագրում եմ ինձ։ Ոնց կարա սաղ աշխատանքները իմ անձնական միջոցներով արվի։ Որոշ մասը սուբվենցիայով է արվել, որոշ մասը՝ համայնքային միջոցներով։ Կա, որ նաև իմ անձնական միջոցներով։ Ով ա տենց բառադի բաներ խոսում։

— Համացանցում ձեր նախընտրական հոլովակում է այդ մասին խոսվում և ներկայացվում։

— Հոլովակը մինչև վերջ նայեք։

— Նայել եմ, արված աշխատանքի 90 տոկոսը վերագրվում էր ձեզ, ասվում է, որ ձեր անձնական միջոցներով է արվել։

Սամվել Ալեքսանյանի և նրա կնոջ բիզնեսներն ու ունեցվածքը (լուսանկարներ) -  Shabat.am

— Բեր ես չզոռեմ։ Ինչ որ գրված ա, ասվում ա, ես վստահ եմ, որ տենց ա։ Չի կարա մի բանը արված լինի սուբվենցիոն ծրագրով, բայց ասվի, որ համայնքապետն ա դա արել։ Կամ արված լինի համայնքի միջոցներով, բայց ասվի, որ ես եմ արել  իմ անձնական միջոցներով։

— Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում։

— Ես գնահատելու բան չունեմ։ Ժողովուրդը կգնահատի, դեկտեմբերի 6-ին կտենաք։

civic.am