«Փաշինյանն իմ խնդրի մասին գիտի, կարող էր, չէ՞, գոնե մեկին ուղարկեր, տեսներ` ինչպես եմ ապրում որդուս մահից հետո․․․այս փոքր խցումս առնետների հետ եմ ապրում». Գոհար Ֆերոյան

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, ով որդու մահվանից հետո որևէ խնամակալ չունի, ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում։

168.am–ի հետ զրույցում Գոհար Ֆերոյանն ասաց, որ որդու մահից հետո երեք անգամ վիրահատվել է, ապրում է միայնակ, որևէ խնամակալ չունի։

 

«Թոշակ ստանալու համար դիմել եմ Սոցապնախարարությանը, սակայն ինձ մերժել են, ասել են՝ թոշակ չի հասնում։ Իրենք բացատրում են, որ իբր սովորական վիրահատություններ եմ տարել։ Ինձ ասել են, որ բոլորն էլ վիրահատվում են, լավացի՝ գնա աշխատի, քեզ թոշակ չի հասնում։ Ես խնամակալ չունեմ, օրենքով ինձ թոշակ է հասնում, բայց չեն տալիս, հիմա ասեք՝ ես ո՞ւմ դիմեմ։ Այս փոքր խցումս առնետների հետ եմ ապրում, մի անգամ գնացել եմ Պաշտպանության նախարարություն, որպեսզի տանս հարցը լուծեն, բայց որևէ արդյունք չտվեց, մերժում եմ ստացել։ Գոնե իմ երեխայի մահվան հանգամանքները, իրական պատճառները բացահայտեին։ Ճիշտ է, նախորդ տարի պատերազմ եղավ, շատ զոհեր ունեցանք, բոլորի համար ես ցավում եմ, բոլորիս համար ծանր վիշտ է, բայց մեկ տարի է անցել, գոնե սկսեն աշխատել, խնդիրներ լուծեն»,- նշեց Գոհար Ֆերոյանը։

Նա նշեց, որ 2018 թվականին ուրախացել էին, որ Նիկոլ Փաշինյանն է դառնալու վարչապետ, բայց այսօր նա բոլորին մոռացել է։

«Նիկոլ Փաշինյանն իմ խնդրի մասին գիտի, կարող էր, չէ՞, գոնե մեկին ուղարկեր, տեսներ՝ ինչպես եմ ապրում որդուս մահից հետո, կարող էր, չէ՞, մի բանով օգներ։ Գոնե իմ կամ երեխուս թոշակը տան, ես կարողանամ գոյատևել։ Ոչ մի բան չունեմ, ես ինչո՞վ ապրեմ։ Անդրանիկ Քոչարյանը խոստացել էր, որ մահվան հանգամանքները կպարզվի, նա ինձ զանգահարեց, թե՝ այսինչ օրն արի ԱԺ, կխոսենք։ Իր ասած օրը գնացել եմ ԱԺ, զանգել եմ իրեն, բայց զանգերիս չի պատասխանել, մինչև ժամը 7-ը  նստել սպասել եմ, բայց նա չի իջել, գուցե հետևի դռներով է շենքից դուրս եկել, դրա համար էլ չեմ տեսել։ Դե ասեք, այս պայմաններում  ինչպե՞ս ապրեմ։ Իմ տան վիճակն այս օրով սարսափելի է, նույնիսկ հարազատներիս եմ ամաչում իմ տուն բերեմ։ Կտուրից ջուրը կաթում է, պատերը ճաքած են, առնետները չորս կողմում  են, տղայիս նկարները ստիպված տարել եմ եղբորս տուն, որ չվնասվի, եղբայրս էլ նոյեմբերի 3-ին վաճառելու է տունը, ես չգիտեմ՝ այդ նկարները որտեղ պահեմ, նկարները որդուցս մնացած միակ հուշն են»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, հասկանում է, որ այսօր երկիրն այդքան էլ լավ վիճակում չէ, մի կողմից՝ կորոնավիրուսը, մյուս կողմից էլ՝ պատերազմի թողած հետևանքները, սակայն այդ ամենը չի նշանակում, որ պատկան մարմինների կողմից բնակչությունը պետք է անտերության մատնվի։

«Բոլոր խանութներում պարտքեր ունեմ, երկու տարի է՝ ամեն հինգշաբթի երեխուս համար հաց եմ տվել, հիմա չեմ կարողանում նույնիսկ երեխուս հացի փողը փակեմ։ Առջևում ձմեռ է, վառելափայտ չունեմ, որ վառեմ, միայնակ այս խցի մեջ չմեռնեմ։ Լավ, կա՞ մի պատկան մարմին, որ ինձ կկարողանա ասել՝ ես ի՞նչ անեմ»,- եզրափակեց Գոհար Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։

168.am