Կորած 2 հայ զինծառայողները ողջ են. նրանք հայտնվել են ….

ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները ողջ են, նրանք հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Infoport.am-ին հայտնել են պաշտպանության նախարարության աղբյուրները։

Ըստ աղբյուրի՝ զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում, ինչի մասին հայկական կողմին հայտնել են Ադրբեջանի պատկան մարմինները։ Ներկայումս բանակցություններ են վարվում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

ՊՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։

ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։