Խաղաղապահների դուրս բերումը սկսվեց, մանրամասներ

ՀԱՊԿ հայ խաղաղապահները Ղազախստանից մեկնել են հայրենիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարում էին Ղազախստանի Հանրապետությունում սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրները, ավարտելով բեռնումը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներ Ալմաթիի օդանավակայանում, վերադառնում են տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Հավելվում է, որ հայ, բելառուս եւ տաջիկ խաղաղապահների՝ տուն վերադարձի համար գործարկվել են ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Ղրղզստանի խաղաղապահներն ինքնուրույն կուղեւորվեն մշտական ​​տեղակայման կետ կանոնավոր տեխնիկայով։