Ադրբեջանցիները հայ զինծառայողից պահանջել են կրոնափոխ լինել և մերժվելուց հետո այրել են նրա ոտքը, ծեծել են ….

Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ:

 

Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:

 

Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել:

 

Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:

 

Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են:

 

Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:

 

Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:

 

Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո:

 

Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան