Զոհված զինծառայողների մասունքները պարկերով նկուղի հատակին նետելու դեպքով քրգործը կարճվել է․ «Փաստինֆո»

Պատերազմում զոհված զինծառայողների դիերն և մասունքները նկուղի հատակին նետելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի․ Քննչական կոմիտեն որոշել է, որ զինվորների մարմինները նկուղում պահելը նորմալ է ու քրեական գործի վարույթը կարճել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Դատապարտելի այս երեւույթի՝ նահատակված հայորդիների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, հարազատները տարածեցին նաեւ սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, իբր, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար։ Բարձրացված մեծ աղմուկը մեղմելու համար թերեւս երկու օր անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից։ Ապա հայտարարվեց նաեւ քրեական գործ հարուցվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հիմա արդեն ակնհայտ է, որ քրգործի հարուցումն ընդամենը նպատակ էր հետապնդում մեղմել հասարակական դժգոհությունը ու ոչ թե զազրեցի երեւույթի պատասխանատուների գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը։
Մանրամասները՝ այստեղ։