Ռազմի դաշտում ձայնը կորցրած երաժիշտ զինվորը վերականգնել է խոսքը, ամուսնացել. պատերազմի մասին իմացել են սեպտեմբերի 25-ին

Կոմպոզիտոր-դաշնակահար Գարիկ Շարոյանը 44 -օրյա պատերազմից հետո որոշել է ստեղնաշարին հանձնել պատերազմի ժամանակ ունեցած ապրումները։ Կիսատ գրված ստեղծագործությունը նվագելիս, հնչյուններն ստիպում են վերապրել և երաժշտության միջոցով փոխանցել զգացողությունները։

«Փաստինֆո»-ին Գարիկը պատմել է, որ Կոնսերվատորիան ավարտելուց հետո պետք է ծառայեր զինված ուժերի երաժշտական դասակում, սակայն վիճակահանությամբ քաշեց Հադրութը, պայմանով, որ մեկ ամիսից պետք է տեղափոխվի։ Պատերազմը խախտեց ամեն ինչ։ Ընդամենը 1,5 ամսվա նորակոչիկը զինված ուժերում երաժշտական գործիքները փոխարինեց զենքով:
«Սեպտեմբերի 25-ին իմացանք, որ կռիվ պետք է լինի։ Պոլկը բարձրացավ դիրքեր։ Կոնկրետ մեր մոտի դիտակետից նայեցինք, ահռելի մեծ քանակի զինտեխնիկա էին բերում. լուրջ բան էր սկսվելու։ Մենք արթուն էինք նույնիսկ սեպտեմբերի 27-ին։ Սովորական հերթափոխ չէր»,- պատմել է Շարոյանը։