«Տան մեծ տղան էր, փոքր եղբայր ունի, որը դեռ բանակ չի գնացել». ով է Արցախում զոհված զինվորը

Ինչպես արդեն հայտնել ենք, Արցախում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիսը Արմավիրի Մյասնիկյան գյուղից էր, զորակոչվել էր 2020 թվականի ամռանը։

Մեզ հետ զրույցում Մյասնիկյանի համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը ասաց, որ սովորական ընտանիքից էր Սարգիսը, բանակից զորացրվելուց հետո պետք է զբաղվեր հողագործությամբ, ինչով էլ որ զբաղվում է ընտանիքը։

«Սովորական գյուղացի ընտանիք են, աշխատող, ոչ լավ, ոչ վատ ապրող։ Տան մեծ տղան էր, փոքր եղբայր ունի, որը դեռ բանակ չի գնացել։ Սարգիսն էլ նորմալ, սովորական գյուղի տղա, ընկերություն ուներ, շրջապատի տղա էր»,- ասաց համայնքապետը։

Նա նշեց, որ որոշ խնդիրներ է ունեցել տղան։ «Բայց սովորական տղա է, գնացել է բանակ ծառայելու, մնացածը ես արդեն չգիտեմ»,-ասաց համայնքապետը։

Հարցին, թե հայտնի է իրենց, թե ինչից է մահացել զինվորը՝ համայնքապետը նշեց, որ դեռ քննություն է կատարվում, միայն հայտնի է, որ հրազենային վնասվածք է ստացել։

Մեր զրույցի ժամանակ համայնքապետը գտնվում էր զոհվածի հարազատների տանը, և չկարողացավ այլ հարցերի պատասխանել։

Քիչ առաջ էլ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք