Մեր հրեշտակն է Անգելինաս. 44-օրյա պատերազմում որդի կորցրած Ղազարյանները աղջիկ են ունեցել

«Մեր հրեշտակն է Անգելինաս»: Պատերազմում զոհված 19-ամյա Արման Ղազարյանի մայրը՝ Արմինե Ղազարյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում միաժամանակ արտահայտում է և՛ ուրախությունը, և՛ ցավը: Որդուն հայրենիքին նվիրած Ղազարյանների ընտանիքը 9 ամիս առաջ իր մեջ ուժ գտավ և որոշեց կրկին երեխա ունենալ: 3 կգ, 300 գրամ ապրելու իմաստը՝ Անգելինան, ծնվել է դեկտեմբերի 21-ին:

«Տղայիս մահից հետո ասում էի՝ մայրանալու եմ: Ուժ հավաքեցի մեջս: Աստված ուժ տվեց, որ ես չխելագարվեմ: Չէի տարանջատում ու ասում՝ տղա եմ ունենալու: Չէ՛: Պարզապես ուզում էի, որ տունս նորից կյանքով լցվեր, հիմա մի քիչ լուսավորվել է: Աստված ինձ խղճաց, ու ես մայրացա: Անգելինան շատ է նման Արմանին, նույն դիմագծերն ունի, ինչ նա: Ասես նրա մեջ գտել եմ եղբորը: Առաջին անգամ էլ, երբ գրկեցի, զգացի, որ Արմանին եմ գրկում»,- ասում է Արմինե Ղազարյանը: