Ադրբեջանը հակահարված ստացավ և հետ քաշվեց․

Factor TV-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը -Պարո՛ն Խզմալյան, Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս 109 այլ երկրների, մի քանի օրից կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Որպես ժողովրդավարությունը հենման կետ որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ի՞նչ գնահատական ունեք՝ ի՞նչ կտա Հայաստանին ԱՄՆ-ի կազմակերպած գագաթնաժողովին մասնակցությունը։ -Մենք հիմա գտնվում ենք մի հանգուցային փուլում, երբ ոչ բոլորին է նկատելի, բայց կհանդգնեմ պնդել, որ դեկտեմբերը 2021-ի կարևորագույն ամիսն է մեզ համար։ Պատերազմից հետո և Բայդենի հաղթանակով ԱՄՆ նախագահի ընտրություններում ակնհայտ դարձավ, որ աշխարհը կրկին փոխվում է, և դա ոչ թե այն պատճառով է, որ պատերազմն այսպիսի ընթացք ստացավ։ Հակառակը՝ պատերազմն այդպիսի ընթացք ստացավ, որովհետև աշխարհը չհասցրեց փոխվել այնպես, ինչպես պատրաստվում էր փոխվել, և այդ փոփոխությունները տեղի ունեցան 2021 թվականին։ Աշխարհում նոր սահմանազատում է՝ նոր գծեր են քաշվում, ինչով երկու մեծ ճամբարի է բաժանվում աշխարհը, ընդ որում՝ անհավասար ճամբարների՝ ժողովրդավարական և բռնապետական։ Բոլորիս պարզ է՝ որտեղ են գտնվում բոլոր երկրները՝ բացի Հայաստանից։ Որքան էլ զավեշտալի է՝ մենք գտնվում ենք այդ սահմանի վրա։ Եվ դեկտեմբերին մենք պետք է ինքներս մեզ համոզենք, և աշխարհը դրանում համոզված է, որ Հայաստանը գտնվում է արևմտյան կողմում։ Դա Եվրամիության, ԱՄՆ-ի որոշումն է, մենք պատկանում ենք եվրոպական քաղաքակրթությանը։