Ցավալի լուր. Մահացել է Մուշեղ Հովսեփյանը

Այսօր 60 տարեկան հասակում մահացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը։

Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը։

«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների անունից խոր ցավակցություն ենք հայտնում Մուշեղ Հովսեփյանի ընտանիքին, մտերիմներին ու բարեկամներին, սգում ենք այս անդառնալի ու ծանր կորուստը և ապավինում այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարին, որ իր ապրած 60 տարիներին կերտեց Մուշեղ Հովսեփյանը՝ դառնալով սկզբունքայնության, մարդասիրության, ընկերասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:

Ցավալի կորուստ բոլորիս համար»,- ասված է գրառման մեջ։

Մուշեղ Հովսեփյանը ծնվել է 1961 թվականին Սևանի շրջանի Ծաղկունք գյուղում։ 1982-1985 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1985-1988 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 1988-1991 թվականներին՝ ԵՊՀ ասպիրանտուրայում։ 1991 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ։ 1991 թվականից դասախոսում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

 

1991-1994 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական-քաղաքական գլխավոր խմբագրության խմբագիր, 1991-1997 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1997-2003 թվականներին՝ «Անանիա Շիրակացի» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 2001-2005 թվականներին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, 2003-2008 թվականներին՝ Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր։ 1999 թվականից ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչն է։ 2008 – 2015 թվականներին եղել է ԵՊՀ Գիտխորհրդի անդամ։

 

2002 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան («Ռադիոշուկայի օրինաչափությունները և զարգացման միտումները ՀՀ-ում», 2002 թ., Երևան), 2007 թվականից՝ պրոֆեսոր։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։