ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Երեկ զոհված Սուրիկին լրագրողը հանդիպել էր դիրքերում ու․…

Հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի դիրքերում «Հետքը» հանդիպել էր երեկվա փոխհրաձգությունից զոհված ժամկետային զինծառայող Սուրիկ Սաֆարյանին։ Ներկայացնում ենք Սուրիկի հետ հարցազրույցի հատվածը:

«Գեղարքունիքի մարզի դիրքերում ենք, սաստիկ ցուրտ է, 2900 մետր բարձրության վրա ենք։ Դիրքապահ շարքային Սուրիկ Սաֆարյանի ձեռքերը ցրտից կարմրել են։ Հարցնում եմ.

-Չե՞ս մրսում։

-Չէ, բա Դու՞ք։

-Ես մրսում եմ, դուք ձեռնոց չե՞ք դնում։

-Դնում ենք, բայց հիմա դեռ տաք ա։

Սուրիկն ամաչկոտ է, հրաժարվում է տեսախցիկի առաջ զրուցել։ Երկար համոզելուց հետո թույլ է տալիս միայն լուսանկարել։

«Ձերոնք գոնե նկարդ տեսնեն, ուրախանան»,- փորձում եմ համոզել ես։

«Է՜, դե լավ, նկարում եք նկարեք»,- վերջապես համաձայնում է։

Շարքային Սաֆարյանը 8 ամսվա ծառայող է՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։

Խնդրում եմ մի քիչ իր մասին պատմել, ասում է, որ դպրոցն ավարտելուց հետո տարբեր աշխատանքներ է արել՝ գազալցակայանում, խանութում, հետո զորակոչվել է բանակ։ Զինծառայությունն ավարտելուց հետո մտադիր է սովորել, բայց դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտությամբ։

Սուրիկի հետ պայմանավորվում ենք հանդիպել զորացրվելուց հետո»։