ՏԱՐԱԾԵԼ։Զինծառայողի քույրը փնտրում է եղբորը․լուրեր կային, որ իրենք մի քանի օր շրջափակման մեջ են եղել, բայց մինչև վերջին օրը․․․

Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով գերեվարաված հայ զինծառայողների թիվը ՊՆ հաղորդմամբ 13-ն է, զոհերի թիվը՝ 6, անհետ կորածներինը՝ 24։ Պաշտպնության նախարարությունը գերեվարված զինծառայողներից որևէ մեկի տվյալներ մինչ այս պահը չի հրապարակում։

Եթե գերեվարված զինծառայողների հարազատները սոցկայքերում տարածված լուսանկարներով ու տեսանյութերով են բացահայտել ու համոզվել, որ իրենց որդիները գերու կարգավիճակում են, ապա անհետ կորածների դեպքում անորոշությունը գնալով խորանում է։

«Որտեղ ասես՝ չենք փնտրում, ադրբեջանական տեսանյութերն ենք փորփրում, որպեսզի գոնե մի կերպ հասկանանք մեր տղան գերի է, թե․․․, սոցցանցերում տարածված նկարներում ու տեսանյութերում չկա, միայն մի տեսանյութ կա, որտեղ շատ քիչ կասկածում ենք, որ գուցե ինքն է, ինքն ու Գուրգենը ընկերներ էին, այն Գուրգենը, որ նռնակով պայթեցրել էր իրեն, գրեցին, ասացին»,- hraparak.am-ին պատմեց գյումրեցի զինծառայող Սուրեն Խաչատրյանի քույրը՝ Արփինե Խաչատրյանը։

Սուրենը Վանաձորի Դուցի զորամասի զինծառայող է, եւ դեպքից շուրջ տաս օր առաջ՝ նոյեմբերի 6-ից Սիսիանի դիրքերում էր: Մեր տեղեկություններով՝ այդ օրերին զոհված, գերեվարված եւ անհետացած զինծառայողները հիմնականում Վանաձորի հավաքատեղիից էին տեղափոխվել Սյունիք, եւ գերեվարվածների, անհետ կորածների պահով ՊՆ պաշտոնական թվերը, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։

2STOPPED
«Պաշտպանության նախարարությունը նույնպես ոչինչ չի ասում, տեղեկություն չունեն եւ վերջ։ Ասում են՝ տեսանյութերով նայեք, տեսեք՝ գերիների մեջ է, թե չէ ։ Մյուս եղբայրը բոլոր տվյալները ներկայացրել է իրենց։ Լուրեր կային, որ իրենք մի քանի օր շրջափակման մեջ են եղել, բայց մինչև վերջին օրը կապ եղել է հետը։ Սուրենը ամուսնացած չէ, ծնողների հետ խոսել է վերջին օրը, բայց թե ինչ վիճակում են՝ բան չի ասել։ Հիմա խնդրանքս գոնե մի կերպ եղբորիցս ինչ-որ տեղեկություն պարզելն է, իսկապես, էլ չգիտենք՝ ում դիմենք։ Իր դեմքին խոշոր նշան՝ խալ կա, գուցե դա էլ օգնի, չգիտեմ»,- հուսահատ ասաց զինծառայողի քույրը։