Հակառակորդը կորցրել է առավելությունները, շատ դիրքեր հետ ենք բերել:

Օրվա վերջում հակառակորդը կորցրել է մինչ այդ ստացած առավելությունները, շատ դիրքեր հետ ենք բերել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի արեւելյան առաջնագծում ադրբեջանական հարձակման հետեւանքով օրվա ընթացքում ծավալված մարտերին ու ընթացիկ օպերատիվ իրավիճակին:

«Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, չնայած մի քանի ժամ առաջ հեռու էինք այս վիճակից: Մինչեւ հարցազրույցի գալը խոսեցի բանակային 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա հաստատեց վիճակի կայունության փաստը, հիմա լայնամասշտաբ գործողություններ չեն ընթանում. Իշխանասարի հատվածում դեռ լարվածության օջախ կա, բայց, կարծում եմ, մինչեւ հաղորդման ավարտը դա էլ չի լինի:
Եթե նախորդ օրը հակառակորդի կողմից ցինիկ կեցվածք տեսանք մեր դիրքերի ուղղությամբ, ապա այսօր նրան նման կեցվածքով որեւէ առավելության հասնել չհաջողվեց, ավելին, եթե օրվա ընթացքում հաջողվել էր որոշակի առավելությունների հասնել, ապա օրվա վերջին այդ առավելությունները կորցրեց, մենք շատ դիրքեր ենք հետ բերել: Մարդկային կորուսներ թե՛ մենք ենք ունեցել, թե՛ իրենք, նաեւ՝ զրահատեխնիկայի բավական շոշափելի կորուստներ ենք նրանք ունեցել, ինչը նշանակում է, որ նաեւ շոշափելի մարդկային կորուստներ են ունեցել: Մեր զինված ուժերը մտան մարտական գործողությունների մեջ եւ այս պահի դրությամբ պարտադրեց հրադադար»,- ասել է Քոչարյանը:

ՊՆ վերջին հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։