«Կցավի, դու մահն ես տեսել սառը խրամատում, Տաք ձեռքերովդ սառած կոպերն ես փակել Ընկերոջդ։» Պատերազմից վերադարձած զինվորի հուզիչ բանաստեղծությունը

Եկած զինվորից🇦🇲

…կցավի…
Ուժեղ, արնաքամ, ասես՝ երբեք չի դադարելու…

Երբ աշխարհը հոկտեմբեր կապրի,
Ու սեր, ու գույներ,
Կցավի,
-դու մահն ես տեսել սառը խրամատում,
Տաք ձեռքերովդ սառած կոպերն ես փակել
Ընկերոջդ։

…կցավի…
Անցած մի տարին կփոշիանա,
Անցյալ կընկնես, պատերազմ կընկնես՝
Մղջավանջները երբե՛ք չեն ավարտվում։

-Կրա՛կ,-գոռում էր հրամանատարը
Ու գրկած վիրավոր իր զինվորին՝
Հրամայում էր չհանձնվել
Վստահ լինելով, որ դա միակ հրամանն է անկատար…

…կցավի…
Սրտի վերքերը չեն ապաքինվում, սպիանում…

Երբ աշխարհը հոկտեմբեր կապրի՝
Հերթական հոկտեմբեր,
Հիվանդանոցի հերթերում քեզ զիջվող նստարանները
Կհիշեցնեն կորցրածդ ոտքի մասին…
…Եվ կորցրած հազարավոր երազանքների,
Որոնց համար գուցե երբեք էլ նստարաններ չզիջվեն…

…կցավի…
Ամեն օր, ամեն ժամ ու ամիս…

Դու կաս, դու ապրում ես, եկա՛ր,
Թողնելով ընկերներ, տղերք,- եկա՛ր,
Իսկ Եռաբլուրում էդքան երազանքները փոխանակվել են …հողի հետ,
…մեկ մետր լայնքով ու երկու մետր երկարությամբ….
իսկ գրողի տարած խորությունը մենակ Աստված գիտի….

…կցավի…
Ցնդելու աստիճան անկարողությունից…

Մահացած ընկերներիդ շիրիմների մոտ
Կդատարկես ներսդ ու կպատմես,
Որ տղերքը դեռ չկան…
Կորած են, գերի են,- երկու մետր հող էլ չտվեցինք էս հայրենիքից իրենց:
Անզորությունից արցունքներդ կթափվեն
Ու էդ արցունքներն էնքա՜ն անարժեք կթվան
-Միևնույնն է՝ տղերքը չկա՛ն։

Ու էս հոկտեմբերին,
և՛ հաջորդին՝
Բոլո՜ր հոկտեմբերներին,
Կցավի՛,
Կցավի՛,
Կցավի… 26.09.2021