Դեռահաս Աղջիկների Մոտ TikTok-Ի Պատճառով Նյարդային Տիկեր Են Զարգանում

Համաճարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում դեռահաս աղջիկները զգալիորեն ավելի հաճախ են դիմել նյարդաբանների՝ նյարդային տիկերի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով։
Սա զարմացրել է բժիշկներին, որովհետև այս խանգարումները առավել հաճախ հանդիպում են ոչ թե աղջիկների, այլ տղաների մոտ։ Ամիսներ տևած ուսումնասիրություններից հետո ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի առաջատար մանկաբուժական հիվանդանոցների փորձագետները պարզել են, որ նյարդային տիկերով հիվանդանոցներ դիմող գրեթե բոլոր դեռահաս աղջիկներին միավորում է մեկ բան՝ TikTok-ը:
Ըստ The Wall Street Journal-ի՝ այդ աղջիկները տևական ժամանակ դիտել են TikTok-ում շրջանառվող այն մարդկանց տեսանյութերը, ովքեր ունեն Տուրետի համախտանիշ և այդ տեսանյութերում ցուցադրում են, թե ինչպես են ապրում այդ խանգարմամբ։

Տուրետի համախտանիշը (Tourette syndrome) կենտրոնական նյարդային համակարգի խանգարում է, որը դրսևորվում է հենաշարժական տիկերով (հանկարծակի, կրկնվող, ոչ ռիթմիկ շարժում կամ ձայնային հնչյունների արտաբերում) և առնվազն մեկ ձայնային կամ մեխանիկական տիկով։ Ընդ որում, դրանք օրվա ընթացքում անընդհատ կրկնվում են։
Բժիշկներն նշել են, որ 2020 թվականի մարտից որոշ հիվանդանոցներում, որոնք նախկինում ամսական ընդունում էին մոտ մեկ երիտասարդ պացիենտի, նման այցելությունների թիվն աճել է 5-10 անգամ։ Նրանց մեծ մասի մոտ նախկինում ախտորոշվել է անհանգստություն կամ դեպրեսիա:
Երբ 2021 թվականի հունվարին բրիտանացի մասնագետները սկսեցին ուսումնասիրել աղջիկների մոտ տիկերի երևույթը, TikTok-ում #tourettes հեշթեգով տեսանյութերը ընդհանուր առմամբ ունեին մոտ 1,25 միլիարդ դիտում: Այժմ այդ ցուցանիշն աճել է մինչև 5 միլիարդի:
Որոշ բժիշկներ նշում են, որ «վարակիչ» նյարդաբանական խանգարումների դեպքեր եղել են նաև նախկինում, սակայն, ի տարբերություն սրա՝ դրանք աշխարհագրորեն սահմանափակ են եղել։ Այժմ սոցիալական մեդիան նպաստում է նմանօրինակ խանգարումների ավելի արագ տարածմանը:
TikTok-ի խոսնակը նշել է, որ օգտատերերի անվտանգությունն ու բարեկեցությունը իրենց համար առաջնահերթություն են, և այժմ ընկերության մասնագետները խորհրդակցում են փորձագետների հետ՝ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար:
Այնուամենայնիվ, ոչ բոլոր բժիշկներն են ուղիղ կապ տեսնում դեռահաս աղջիկների մոտ տիկերի առաջացման և TikTok-ի տեսանյութերի միջև, քանի որ մի շարք գործոններ՝ ներառյալ անհանգստությունը, դեպրեսիան և սթրեսը, նույնպես կարող են նպաստել խանգարման առաջացմանը: