ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. «Կարենի վառ կերպարը, մարդկային բարձր հատկանիշները միշտ վառ կմնան մեր սրտերում․․․». ՖՈՏՈ

Ռոմանոս Մելիքյանի անունը կրող երաժշտական քոլեջի սոցհարթակում ցավով հայտնում են քոլեջի սաներից մեկի՝ տաղանդավոր Կարենի զոհվելու ողբերգական լուրը։ Կարենը թառ է նվագել։ Տեղեկության մեջ մասնավորապես գրված է․

«Թշնամու hարձակման ժամանակ իր կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերեց «Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ»-ի Ժողովրդական գործիքներ բաժնի քաջարի ուսանող Կարեն Գասպարյանը: «Հումորասեր». այսպես են բնորոշում ընկերները:

Բարի, ազնիվ, խելացի երիտասարդ էր մեր տաղանդավոր թառահար Կարենը, ով նահատակվեց հանուն հայրենիքի։ «Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ»-ի տնօրինությունը, դասախոսական կազմն ու ուսանողները խորապես ցավակցում են մեր հերոսի ծնողներին, հարազատներին և մերձավորներին՝ անդառնալի կորստի համար։

Կարենի վառ կերպարը, մարդկային բարձր հատկանիշները միշտ վառ կմնան մեր սրտերում։ Փա՛ռք մեր զինվորներին: Կարեն Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին 4-րդ գյուղի կենտրոնում գտնվող «Գյուղսովետ» կոչվող շենքում»,- ասվում է հանրայնացված տեղեկության մեջ»։