ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ նախագահի լուսանկարվելը Եղիսաբեթ II դագաղի մոտ. ՖՈՏՈ

Հերթական խայտառակությունը. հեղինակավոր համաշխարհային պարբերականների գլխագրերը ողողված են «Հայաստանի նախագահ և Պուտինի դաշնակիցը լուսանկարվում է շրջապատի կողմից՝ Վեսթմինսթերյան սրահում թագուհու դագաղի առջև» վերտառությամբ հոդվածներով:

Լուսանկարն էլ քիչ էր, պարզվեց լուսանկարողի դերում հանդես է եկել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը:

Հակառակ արգելքի՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը լուսանկարվել է Մեծ Բրիտանիայի թագուհու դագաղի մոտ։ Երկրի բնակիչները վրդովված են եղել նրա արարքով. գրում են պարբերականները, մեջբերելով ականատեսների խոսքը.

«Հայաստանի նախագահը զայրույթ է առաջացրել այն բանից հետո, երբ ենթականերից մեկը նրան լուսանկարել է թագուհու դագաղի դիմաց՝ Վեսթմինսթերյան սրահում։ 1000-ամյա հանդիսավոր շինության ներսում, որտեղ թագուհուն հրաժեշտ են տալիս, սահմանված խիստ կանոններով արգելվում է տեսախցիկների օգտագործումը։ Նրանք, ովքեր մտնում են մեծ դահլիճ, ստանում են սահմանված կանոնները ներկայացնող փաստաթուղթ», — գրում է The Sun-ը:

Մինչ այս Վեստմինստերյան պալատում միշտ խստորեն պահպանվել են վարքագծի կանոնները, շեշտել են աշխատակիցները։

Ուշագրավն այն է, որ բրիտանացիների թիրախը նաև այլ հասցեատեր է ունեցել՝ Վլադիմիր Պուտինը: Հրապարակումները հենց այդպես էլ վերնագրվել են՝ Պուտինի դաշնակիցը: Իհարկե, Խաչատուրյանը այսպես, թե այնպես հայտնվելու էր ուշադրության կենտրոնում, որպես երկրի ղեկավար, որն անհարգալից վարքագիծ է դրսևորել: Բայց այս դեպքում ցասումն ավելի մեծ ու ընդարձակ է ստացվել, քանի որ առիթ էր հիշատակել նաև Վլադիմիր Պուտինին:

Բրիտանիան այն երկրներից է, որտեղ մինչ օրս խստորեն պահպանվել են վարվելակերպի կանոնները: Ինչ հետևանքներ կարող է ունենալ այս քայլը, MediaHub-ը փորձում է ճշտել ԱԳՆ-ից:

Նախագահականից մեզ հայտնեցին, որ այս պահին ասելիք չկա, հայտարարություն դեռ չունեն:

Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել էր սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում: