Հրատապ․ Ադրբեջանական կողմը Ներքին Հանդի ուղղությամբ շարունակում է կիրառել հրետանի

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից այս պահին տարհանվում են կանայք եւ երեխաները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Կեսգիշերից սկսած թշնամին կրակահերթ է բացել։ Միայն առավոտյան ժամը յոթից մինչեւ ութ անց կես դադար վերցրին, բայց մինչեւ հիմա ինտենսիվ կրակոցները շարունակում են»,- նշեց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։  Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ եւ խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի 49 զոհի մասին հաստատված տվյալ։