Նոր մանրամասներ վերադարձած գերիներից․ շիրակցիներից երկուսը Արթիկից են, մեկը Գյումրուց․․․

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների․ երեկոյան տղաներն արդեն հայրենիքում էին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերադարձածներից չորսը Շիրակի մարզից էին, մեկը՝ Լոռու։

Ինչպե՞ս են վերադարձածները, ի՞նչ հոգեվիճակում․ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, որը երեկ Շիրակի փոխքաղաքապետի և Լոռու փոխմարզպետի հետ այցելել է տղաներին։

«Դե, բոլորի ընդհանուր վիճակն էլ լավ էր այդ պահի դրությամբ։ Բժշկական զննություն էին անցնում, բայց չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներ կան»,- նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ բուժզննումից հետո տղաները հանդիպել են ծնողների հետ։

«Այսօր, կարծում եմ, օրվա երկրորդ կեսին տղաները բուժհաստատությունից կվերադառնան տուն»,- նշեց մարզպետը։

Դիտարկմանը, որ տղաների առողջական վիճակի մասին խոսելը վաղ է, սակայն հոգեվիճակը շփման արդյունքում պետք է որ պարզ լիներ, Նազելի Բաղդասարյանն արձագանքեց՝ այդ պահին տղաների հոգեվիճակը բավականին կայուն էր։

«Առաջին դեպքը չէ, որ դիմավորում եմ գերությունից վերադարձածներին, նրանց հետ խոսելիս թեմաները, բառերն ընտրված են լինում»,- ասաց նա։ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ վերադարձած շիրակցիներից երկուսը Արթիկից են, մեկը Գյումրուց, մյուսը՝ Ախուրյանից։

Նարե Գնունի