ForTest ! Գույները բոլորի մոտ նույն հույզերն են առաջացնում

 

Գույները նույն հույզերն են առաջացնում ամբողջ աշխարհում: Այսպիսի արդյունք է ցույց տվել փորձը, որին մասնակցել է 4598 մարդ՝ 6 մայրցամաքների 30 երկրներից, հաղորդում է Popmech-ը:

Փորձի մասնակիցները պետք է լրացնեին առցանց հարցաթերթիկ, որում նրանք պետք է 12 գույն կապեին քսան տարբեր հույզերի հետ՝ դրանք բաշխելով ըստ ինտենսիվության աստիճանի: Հետագայում հետազոտողները պարզել են յուրաքանչյուր երկրի միջին ցուցանիշները եւ դրանք համեմատել ամբողջ աշխարհի միջին ցուցանիշների հետ: «Այս մասշտաբի նմանատիպ ուսումնասիրություն երբեւէ չի եղել»,- ասում է փորձի կազմակերպիչներից դոկտոր Դանիել Օբերֆելդ-Թվիստելը՝ Մայնցի համալսարանից: «Այս կերպ մենք կարողացանք շատ լայն վերլուծություն ստանալ եւ պարզեցինք, որ ամբողջ աշխարհում գույների եւ հույզերի միջեւ ասոցիացիաները զարմանալիորեն նման են»:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ կարմիրը, օրինակ, միակ գույնն է, որն ամբողջ աշխարհում կապված է ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերի՝ սիրո եւ զայրույթի հետ, իսկ շագանակագույնը աշխարհի բնակչության ճնշող մեծամասնության մոտ ոչ մի առանձնահատուկ հույզ չի առաջացնում:

Փորձերի ընթացքում հայտնաբերվել են նաեւ որոշակի ազգային տարբերություններ: Մասնավորապե, Չինաստանում սպիտակն ավելի շատ է ասոցացվում տխրության հետ, քան այլ երկրներում, Հունաստանում նույնը նկատվում է մանուշակագույնի նկատմամբ: «Գուցե դա պայմանավորված է նրանով, որ Չինաստանում թաղման ժամանակ սպիտակ հագուստ են կրում»,- բացատրում է դոկտոր Օբերֆելդ-Թվիստերը: «Իսկ Հունական ուղղափառ եկեղեցում մանուշակագույնը օգտագործվում է սուգը ցույց տալու համար»:

Սակայն գիտնականները չեն բացառում, որ որոշ տարբերությունների պատճառ կարող են լինել ոչ միայն մշակութային, այլեւ կլիմայական առանձնահատկությունները: Գոնե իրենց նախորդ ուսումնասիրություններից մեկում նրանք պարզել են, որ մի քանի արեւոտ օր ունեցող երկրների բնակիչների մոտ դեղին գույնն ավելի ուժեղ է կապված ուրախության հետ, քան նրանց մոտ, ովքեր ապրում են տաք եւ արեւոտ կլիմայական պայմաններում: