Մահափորձի հետևանքով մահացել է վարչակազմի ղեկավարի տեղակալը

Մահափորձի հետևանքով մահացել է Խերսոնի շրջանի Նովա Կախովկայի ղեկավարի տեղակալ Վիտալի Գուրան։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի  ղեկավարի տեղակալ Եկատերինա Գուբարևան։

«Պաշտոնական․ Նովա Կախովկայի վարչակազմի բնակարանային և կոմունալ ծառայությունների գծով տեղակալ Վիտալի Գուրան մահացել է ստացած վնասվածքներից»,- գրել է Գուբարևան Telegram-ում:

Օգոստոսի 6-ին հայտնի է դարձել Գուրայի վրա կատարված մահափորձի մասին։ Աղբյուրը մանրամասնում է, որ հարձակումը տեղի է ունեցել նրա տան մոտ: Նրա վրա հավանաբար կրակել են «Մակարով» ատրճանակից։

Տուժածը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։

Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ հետաքննում են Գուրայի դեմ կատարված մահափորձի հանգամանքները։ Գերատեսչությունից վստահեցրել են, որ կպարզեն հանցագործության հանգամանքները և ներգրավված անձինք։